Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռն առևանգել ցանկացող զինված ուղևորը սպանվել է

01:54 • 25.02.19

Ուղևորը, որը փորձել էր Բանգալդեշի «Շահ-Ամանաթ» միջազգային օդանավակայանում զենքի սպառնալիքով առևանգել Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռը, սպանվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է AP-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` իրավապահները զինված ուղևորին առաջարկել են հանձվել, սակայն նա կրակել է անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով ուղևորը վիրավորվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին` մահացել:

Բանգլադեշի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Նաիմ Հասանը նշել է, որ մահացածն, ամենայն հավանականությամբ, եղել է «հոգեկան անհավասարակշիռ վիճակում»: «Ես դա ասում եմ նրա դրսևորած վարքի պատճառով: Նա ցանկություն էր հայտնել խոսել Բանգլադեշի վարչապետ Հասին Վազեդի հետ»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Բանգլադեշից Դուբայ թռչող Biman Bangladesh Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, երբ ուղևորներից մեկը փորձել է առևանգել ինքնաթիռը՝ զենքով ներխուժելով օդաչուի խցիկ: Վայրէջքից հետո ինքնաթիռը շրջապատել են պատկան մարմինները: Բոլոր 142 ուղևորներն անվտանգ իջեցվել են ինքնաթիռից: