Ադրբեջանական պատմվածքների ժողովածուն բաժանվել է Երևանի 4 դպրոցի, բայց երեխաներին չի հասել. պարզաբանում

17:46 • 01.03.19

«Մեր բակի պատմությունը» վերնագրով ադրբեջանական պատմվածքների ժողովածուն բաժանվել է դպրոցներին, բայց կոնտենտի մասին տեղեկանալուց հետո քաղաքապետարանի վարչությունը կանխել է տարածումը և գիրքն այս պահի դրությամբ երեխաներին չի հասել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի դպրոցներում բաժանվել է «Մեր բակի պատմությունը» վերնագրով ադրբեջանական պատմվածքների ժողովածուն, որը ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր:

Չնայած ԿԳՆ-ն պարզաբանում էր տարածել այս հարցի վերաբերյալ, այդուհանդերձ հստակ չէր նշել` ադրբեջանական ժողովածուն դպրոցներ մտե՞լ են, թե՞ ոչ:

Ներկայացնում ենք ԿԳՆ հայտարարությունն ամբողջությամբ.

«Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին  է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է:

Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են «Դասղեկի ձեռնարկը» և «Մանկական պատմվածքների ժողովածուն»: Ժողովածուում զետեղվել են պատմվածքներ, որոնք մշակվել են երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հեղինակների կողմից՝ ռուսերեն գրված սցենարների հիման վրա: Ժողովածուն վերատպագրվել է 2016 թ. Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Սիրիայից տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: 2019 թվականին ժողովածուն վերատպագրվել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում ծրագրի» կրթական բաղադրիչի շրջանակում՝ «Հայկական Կարմիր խաչի» ընկերության կողմից:

Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և կասկածելի տեղեկություններ հայտնվելու դեպքում դրանց իսկությունը ճշտել ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության  վարչության հետ»:

Tert.am-ը ԿԳՆ մամուլի խոսնակից հետաքրքրվեց`այդ ադրբեջանական ժողովածուն արդյոք մտե՞լ է Երևանյան դպրոցներ: «Խոսքը մանկական ժողովածուի մասին է և այն կրտսեր դպրոցների հետ կապ ունի, իսկ կրտսեր դպրոցները գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ»,- ասացին ԿԳՆ-ից:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ համագործակցել է «Կարմիր խաչի» հետ, որը մի շարք կրթական ծրագրեր է իրականացրել դպրոցներում` մեթոդական ձեռնարկներ, գրքեր է տրամադրել դպրոցների գրադարաններին:

«Այդ համագործակցության շրջանակներում «Մեր բակի պատմությունը» վերնագրով ադրբեջանական պատմվածքների ժողովածուն, որը երաշխավորվել է նախկինում (2008թ. -Tert.am) Կրթության ազգային ինստիտուտի կողմից, «Կարմիր խաչի» գրասենյակից փոխանցել են դպրոցներին: 4 դպրոցի մասին է խոսքը: Քաղաքապետարանի կրթության վարչությունը տեղեկանալով այդ գրքի կոնտենտի մասին` կանխել է դրա տարածումը, և առաջարկել է չբաժանել գրադարաններին: Այսինքն` այդ գրքերը երեխաներին չեն հասնելու»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Tert.am-ը հարցի կապակցությամբ պարզաբանում խնդրեց նաև «Կարմիր խաչից»: «Հիմա մենք նման ծրագիր չունենք բացարձակ և դպրոցներ չենք մտնում: Դպրոցների հետ ոչ մի կրթական կամ թեկուզ այլ ծրագիր չունենք: Աշխատում ենք միայն սահմանամերձ շրջանի դպրոցներում, այն էլ միայն անվտանգության կանոնների վերաբերյալ և առաջին օգնության մասին գիտելիքներ ենք փոխանցում»:

Երբ Կարապետյանին փոխանցեցինք «Կարմի խաչի» պարզաբանումը նա նշեց, որ խոսքը ներկայի մասին չէ, դա արվել է նախկինում:

«Գիրքը բաժանվել է դպրոցներին, բայց կոնտենտի մասին տեղեկանալուց հետո քաղաքապետարանի վարչությունը կանխել է տարածումը և երեխաներին գիրքն այս պահի դրությամբ չի հասել, բայց քանի որ դա ինչ-որ ժամանակ երաշխավորված է եղել Կրթության ազգային ինստիտուտի կողմից, քաղաքապետարանը պաշտոնական գրություն կուղարկի կենտրոնին` կրկին կարծիք հարցնելու այդ գրքերի հետագա ճակատագրի վերաբերյալ»,- ասաց նա:




Ամալյա Առաքելյան