Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ ուղիղ

17:55 • 01.03.19

Մեկնարկել է Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված երթը՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հուշարձան: Երթին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2008թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեցին ՀՀ 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ: 

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ: 

Մարտի 1-2-ի բախումների ժամանակ 10 մարդ է զոհվել. Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):

Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ: