Բարոյական չեմ համարում գործող ռեկտորի պաշտոնավարման պարագայում քննարկել նրա հավանական հաջորդի հարցը. Ռուբեն Մելքոնյանը` ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին

10:56 • 01.03.19

Նման առաջարկ չեմ ստացել, երբևէ նման քննարկում ինձ հետ չի եղել, բացի այդ, ես հայտարարել եմ, որ բարոյական չեմ համարում գործող ռեկտորի պաշտոնավարման պարագայում քննարկել նրա հավանական հաջորդի հարցը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը`անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ԵՊՀ ռեկտորի պաշտոնում շրջանառվում է  նաև իր անունը:

«Հավակնություն ունեմ, թեկնածու կլինեմ, թե չեմ լինի, այդ հարցերին կարող եմ անդրադառնալ, երբ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետն ավարտվի, հայտարարվի ռեկտորի ընտրություն: Այդ ժամանակ կհայտնեմ իմ որոշումը»,- ասաց Մելքոնյանը և հավելեց, որ այս պահին հավակնություններ չունի:

«Կոնկրետ մեր` Արևելագիտության ֆակուլտետը, գոհ է ռեկտոր Արամ Սիմոնյանի վերաբերմունքից, տարիների ընթացքում մեր համագործակցությունը շատ դրական արդյունքներ է ունեցել»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՊՀ-ի և ռեկտորի շուրջ տեղի ունեցող գործընթացներին` նա նշեց, որ այն գործընթացներին, որոնք վարկաբեկում են ԵՊՀ անունը, բնականաբար, բացասական է վերաբերվում և բացասական եմ վերաբերվում խնդրի անձնավորմանը:

«Խնդրի մյուս բաղադրիչը, որը վերաբերում է քրեական գործին, ֆինանսական չարաշահումներին, ես կոմպետենտ չեմ այդ հարցերին պատասխանել, քանի որ ո´չ դրա իրավասությունն ունեմ, ո´չ էլ տեղեկատվություն: Կարծում եմ` դա առանձին խնդիր է, բայց այն կարծիքին եմ, որ ԵՊՀ-ն ազգային արժեքներից է իրականում, այն քիչ ինստիտուտներից է, որ հարյուրամյա պատմություն ունի: Պետք է առաջնահերթ լինի ինստիտուտի վարկանիշի բարձր պահելը, իսկ խնդիրները կարող են ավելի այլ կերպ, ավելի կառուցողական մթնոլորտում քննարկվել և լուծվել: Մեծ հիմնարկ է, կարող են նաև տարբեր խնդիրներ լինել, բայց դա չի նշանակում, որ պետք է վարկաբեկվի հարյուրամյա կրթական կառույցը»,- ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այն կարծիքին է, թե պետք է շատ զգայուն լինել և թույլ չտալ հասարակական մակարդակով ԵՊՀ-ի  վարկանիշի այսպիսի անկումը:


Ամալյա Առաքելյան