Գնացեք ձեր աշխատանքին, ձեր աշխատանքում ոչինչ չի փոխվելու․ «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը՝ գործադուլ հայտարարած աշխատակիցներին
«Սեքյուրիթի Դրիմ»-ի աշխատակիցների գործադուլը շարունակվում է, նրանք «ոչ» են ասում կրճատումներին, աշխատավարձի իջեցմանը և տնօրենին՝ Արամ Ղլեչյանին աշխատանքից ազատելուն։ Աշխատակիցները հավաքվել են Երևանի Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գործող «Էլլիպս» ՍՊԸ-ի գլխավոր մուտքի դիմաց։ Ըստ նրանց՝ հիմնադիրները ցանկանում են տնօրենին փոխել, քանի որ տնօրենը մեծ հարգանք է վայելում աշխատակազմի մոտ։
Աշխատակիցների հետ փորձեց բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը։ Նա, ի պատասխան ցուցարարների, թե գործադուլ են անում բոլոր աշխատակիցները, նկատեց, որ ընկերությունը 550 աշխատակից ունի։
«Գնացեք ձեր աշխատանքին, ձեր աշխատանքում ոչինչ չի փոխվելու։ 7 տարի է՝ ստեղծել ենք ընկերությունը, ամեն ինչ արել, որ հարմար պայամններում աշխատեք, աշխատավարձերը երբեք չեն իջել, չեն իջնելու»,- ասաց Զաքարյանը։
Սակայն տնօրենի օգնական Միքայել Պողոսյանը հերքեց Զաքարյանի խոսքերը՝ հիշեցնելով 2015-2016 թթ․ պատմությունը։
«2015-2016 թթ․ մասսայաբար մարդկանց աշխատանքից ազատեցին՝ մոտ 80-90 տոկոսը ստիպողաբար նախկին տնօրինությունը դիմում գրեց, որից 3-4 օր հետո նորից գործի ընդունեց, բայց արդեն 30-40 տոկոս պակաս աշխատավարձով»,- շեշտեց Պողոսյանը։
Ընկերության հիմնադիրն էլ իր հերթին հայտարարում է, որ այս գործադուլը տնօրեն Արամ Ղլեչյանի կազմակերպածն է։










