Բողոքի ակցիա Երևանում. «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատանքից չազատել տնօրենին. Shamshyan.com
Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևանի Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գործող «Էլլիպս» ՍՊԸ-ի մեծ թվով աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի դիմաց և պահանջում են հստակ պարզաբանում, թե ինչու են «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների պաշտոնյաները անհիմն աշխատանքից փորձում են ազատել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Կայքը հայտնում է, որ բողոքի ակցիան ինքնաբուխ է: «Մենք պահանջում ենք, որ Ալեքսան և Գուրգեն Զաքարյաններ եղբայրները վերանայեն իրենց որոշումը և Ղլեչյանին չազատեն աշխատանքից»։
Ակցիայի մասնակիցներն ասել են, թե ինչու են եղբայրները փորձում Ա. Ղլեչյանին ազատել աշխատանքից. «Արամ Ղլեչյանը նրանց դուդուկի տակ չի պարում, իսկ նրանք ստիպում են Արամ Ղլեչյանին, որ կրճատումներ անի, աշխատավարձերն իջեցնի, նա էլ հիմնավորել է, որ աշխատավարձերը ոչ միայն չպետք է կրճատվեն, այլ կա հնարավորություն՝ ավելացնելու։ Հիմա մեր խնդիրն ու պահանջն արդարացի է՝ թող իզուր կրակի վրա յուղ չլցնեն։ Պայքարի բոլոր օրինական ձևերն օգտագործելու ենք, մինչև արդարությունը հաղթի»։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ փորձել է կապի մեջ մտնել Ալեքսան Զաքարյանը, սակայն ակցիայի մասնակիցներն ասել են, որ չեն հավատում նրան։ Նա նույնիսկ ակցիայի մասնակիցներին ասել է, որ այդ ամենը սուտ է:










