Երևանում բնակչության համար աղբահանության վարձի դրույքաչափի փոփոխություն չի լինելու և չէր էլ կարող լինել. Հակոբ Կարապետյան

16:31 • 01.03.19

2019-ին Երևանում բնակչության համար աղբահանության վարձի դրույքաչափի փոփոխություն չի լինելու և չէր էլ կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով «Ժամանակ» թերթի տեղեկությանը, ըստ որի՝ հուլիսի 1-ից բարձրացվելու է աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարի չափը:

««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի համաձայն, օրացուցային տարվա համար ավագանու սահմանած տեղական տուրքի դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը ցանկություն ունենալու դեպքում էլ չէր կարող տարվա կեսերին բարձրացնել աղբահանության վճարը, որովհետև ավագանին այն հաստատել է ողջ տարվա համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի օբյեկտների աղբահանության գումարների վճարների բարձրացմանը, ապա Հակոբ Կարապետյանը հաստատեց և նշեց, որ դա եղել է օրենքի ուժով և ըստ որոշման` ոչ բնակելի տարածքների՝ հասարակական և արտադրական շենքերի աղբահանության վճարը փոխվել է և հաշվարկվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի: