«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին օտարերկրյա լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին օտարերկրյա լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար, հայտնում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Կազմակերպության՝ Գերմանիայի գրասենյակի ղեկավար Քրիստիան Միհրը պահանջել է գերմանական իշխանություններից բացահայտ ճնշում գործադրել պաշտոնական Անկարայի նկատմամբ՝ պարտադրելով չխոչընդոտել արտասահմանցի լրագրողների աշխատանքը երկրի տարածքում:
Մասնավորապես՝ հայտնի է, որ Թուրքիայում աշխատանքային լիազորագիր ստանալու համար օտարերկրյա լրագրողները երբեմն լուրջ խնդիրների են հանդիպում, լիազորագրի երկարաձգումը հաճախ մերժվում է չհիմնավորված պատճառներով:
Միհրը հիշեցրել է, որ լիազորագիր ստանալու գործընթացի ձգձգումը հաճախ պատճառ է դառնում լրագրողների անօրինական արտաքսման կամ վտանգի տակ դնում նրանց ապահովությունը Թուրքիայի տարածքում:










