Պակիստանի օդային տարածքը մինչև մարտի 4-ը փակ կմնա
Պակիստանի քաղաքացական ավիացիայի վարչությունը հաստատել է, որ երկրի օդային տարածքը մինչև մարտի 4-ը փակ կմնա: Պակիստանի օդային տարածքն առևտրային չվերթների համար փակվել էր այն բանից հետո, երբ, Պակիստանի բանակի հաղորդմամբ, վիճելի Քաշմիր նահանգում «երկրի օդային սահմանները խախտած» երկու հնդկական ռազմական ինքնաթիռ էր խոցվել:
Քաղաքացիական ավիացիայի վարչության թվիթերյան գրառման մեջ ասվում է, որ օդային տարածքը փակ կլինի բոլոր թռիչքների համար՝ որոշ բացառություններով: Մասնավորապես՝ Իսլամաբադ, Կարաչի, Փեշավար, Քվետտա քաղաքների միջազգային օդանավակայանները կվերսկսեն ավիահաղորդակցությունը սահմանափակ օդային տարածքում:
Հիշեցնենք, որ օրերս Քաշմիր նահանգում օդային մարտեր են տեղի ունեցել, որոնց մասնակցել են Պակիստանի օդուժի 16 և Հնդկաստանի օդուժի 8 ինքնաթիռ: Պակիստանի ռազմաօդային ուժերը գործարկել են ամերիկյան 8 F-16 կործանիչ, ֆրանսիական 4 Mirage-3 և չինական արտադրության ևս 4 JF-17 Thunder, հնդկական կողմը գործի է դրել 4 Su-30MK, 2 Mirage 2000 և 2 ՄԻԳ-21:
Հնդկաստանի օդուժը պատասխան հարված է հասցրել այն բանից հետո, երբ Պակիստանը փորձել է ռմբակոծել է հնդկական ռազմական դիրքերը:
Օդային ճակատամարտի հետևանքով Պակիստանը կորցրել է F-16 կործանիչը, իսկ Հնդկաստանը` ՄԻԳ-21-ը: Հնդիկ օդաչուն գերեվարվել է: Քաշմիրի միջադեպի պատճառով Հնդկաստանի Նյու Դելիի օդանավակայանում չվերթներ են չեղարկվել:










