Մարզպետարանների աշխատակիցների 40%-ն աշխատանք չի կատարում. նրանց շուրջ 30%-ը կկրճատվի. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Նախատեսվում է մարզպետարանների աշխատակիցների շուրջ 30 տոկոս կրճատում. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սա տալու է օպտիմալ կառավարում, որովհետև մենք ուսումնասիրություն ենք կատարել ու պարզել ենք, որ աշխատակիցների 40%-ը, ըստ էության, աշխատանք չի կատարում, չեմ ասում՝ ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն դա կարող է անել մեկ այլ աշխատող, այսինքն՝ ամբողջական ծանրաբեռնվածության մասին է խոսքը»,-ասաց նա:
Պապիկյանը նշեց, որ օրինակ՝ Արագածոտնի մարզում կրճատումները լինելու են 28 տոկոս, իսկ աշխատակիցների թիվը 121-ից դառնալու է 87: Ըստ նրա՝ կրճատվելու են մարզպետների երեք տեղակալները, լինելու է մեկ փոխմարզպետ՝ մեկ օգնականով: Իսկ ամենաուռճացված աշխատակազմը, նրա խոսքով, Գեղարքունիքի մարզպետարանն ունի՝ 182 աշխատակից:
«Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ, դրա համար հնարավորություն պետք է ունենանք՝ պետական ապարատում աշխատեն մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են, ոլորտին տիրապետում են և ոչ թե նրա համար, որ ինչ-որ փուլում ունեցել են խնամի-ծանոթ-բարեկամ, հարմարավետ տեղավորվել են, իսկ մնացածի համար այդ ճանապարհն այլևս փակ է, որովհետև իրենք քաղաքացիական ծառայող են և պաշտպանված են օրենքով»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ նախկին իշխանությունների խնամիներին, ծանոթ-բարեկամներին հեռացնում են, որ իրենց խնամի-բարեկամներին աշխատանքի ընդունեն, Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Ցույց տվեք մի պաշտոնյայի, որ պետական համակարգում հայտնվել է միայն այն բանի համար, որ իմ խնամին է: Չկա նման բան»,- ասաց նա:










