Թուրքիայում տղամարդը 1 մլն լիրա է կորզել քաղաքացիներից՝ վախեցնելով, թե «կմատնի» նրանց գյուլենական լինելու կամ լրագրող Խաշոգջիի սպանության հետ կապ ունենալու համար

12:32 • 01.03.19

Թուրքիայի Բարթըն քաղաքում 28-ամյա երիտասարդ է ձերբակալվել, որը խաբել ու մեծ գումարներ է կորզել քաղաքացիներից՝ ահաբեկելով նրանց, թե տվյալներ ունի, որ նրանք կապ ունեն երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչների կամ Ստամբուլում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության հետ:

Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, տարբեր մարդկանցից շուրջ 1 մլն թուրքական լիրա կորզել հասցրած Մ. Բ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է հերթական գործարքի ժամանակ, երբ փորձել է ևս 460 000 լիրա վերցնել Անկարայում բնակվող մի քաղաքացուց:

«Եթե ոստիկաններն ինձ չբռնեին՝ մի քաղաքացու ևս կխաբեի», - ասել է հանցագործը:

Երիտասարդը զանգահարել է մարդկանց ու ահաբեկել, թե հստակ «ապացույցներ» ունի, որ վերջիններս կապ ունեն Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») խմբավորման կամ անցյալ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջեմալ Խաշոգջիի դաժան սպանության գործի հետ: Հանցագործը մեծ գումարներ է պահանջել քաղաքացիներից՝ իրականում գոյություն չունեցող այդ նյութերը չհրապարակելու դիմաց:

Հայտնի է, որ Մ.Բ.-ն կալանավորվել է: