Ամենայն Հայոց կաթողիկոսը Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է երկարամյա համագործակցությունը

14:59 • 06.03.19

Մարտի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների թարգմանական ծրագրերի տնօրեն Մարինա Լոմովային և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության թարգմանական ծրագրերի կորդինատոր Մարիկա դե Լանգին՝ ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունը կարևորել է միջազգային կազմակերպության` Աստվածաշունչ մատյանը աշխարհի տարբեր լեզուներով թարգմանելու և մարդկանց հասանելի դարձնելու առաքելությունը` ողջունելով Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև գոհունակությամբ հաստատել է, որ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գովարժան ծառայության, բազմաբնույթ ծրագրերի և հրատարակությունների շնորհիվ հայորդիներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Աստվածաշնչին, սուրբգրային գիտելիքներով հարստանալու և զորացնելու նաև իրենց կրոնական ապրումները:

Հյուրերն իրենց հերթին խորին շնորհակալություն են հայտնել Նորին Սրբությանը Հայոց Եկեղեցու զորակցության և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ակտիվ գործունեության համար:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի Աստված հոգեշահ նոր ձեռքբերումներով արդյունավորի Միացյալ Աստվածաշնչյան ընկերությունների գործունեությունը: