Լրագրող Խաշոգջիի մարմնի մասերը կարող են այրած լինել Սաուդյան Արաբիայի հյուպատոսի կեցավայրի այգու փռում. Al Jazeera (տեսանյութ)
Անցյալ տարի Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությունում դաժանաբար սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը ոչնչացրել են հյուպատոսի կեցավայրի տարածքում գտնվող փռում, այս մասին գրում է Al Jazeera-ն՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է հենց այդ փուռը:
Լրատվամիջոցը՝ հղում կատարելով թուրք իրավապահների շրջանում իրենց աղբյուրին, նշել է, որ Խաշոգջիի՝ հյուպատոսարանի շենքում սպանությունից հետո հյուպատոսի կեցավայր են տեղափոխվել պարկեր, որոնցում ենթադրաբար եղել են Խաշոգջիի մասնատված մարմնի մասերը:
Ըստ թուրք իրավապահների՝ լրագրողի մարմնի մասերը ոչնչացվել են հենց այրման միջոցով, և դրա համար օգտագործվել է հենց հյուպատոսի կեցավայրի այգում գտնվող փուռը:
Հայտնի է, որ ավելի վաղ Ստամբուլ ժամանած սաուդցի փորձագետները խուզարկողական գործողությունների ժամանակ շրջանցել են հյուպատոսի կեցավայրի այգին ու այնտեղ գտնվող ջրհորը, որտեղ, ըստ ամիսներ առաջ շրջանառված վարկածի, կարող էին նետված լինել Խաշոգջիի մարմնի մնացորդները:
Al Jazeera-ն նաև ընդգծում է, որ թուրքական կողմի պատրաստած զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Խաշոգջիի սպանության օրը Ստամբուլ ժամանած սաուդցիների 15 հոգանոց խմբում եղել է նաև Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության դատաբժիշկ Թաբիփ Յարբայ Մուհամմեդը, որը մասնագիտացած է գենետիկ դրոշմավորման հետազոտությունների գծով:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










