Նախատեսվում է սահմանել ՀՀ պետական մրցանակները և օրենքով կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները. նախագիծ

13:51 • 09.03.19

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի՝ 20.02.2019 - 07.03.2019թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:

Ըստ հիմնավորման` ներկայում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018-ի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ:

Վերոնշյալ որոշումը, ըստ հիմնավորման, բավական ծավալուն է, բացի այդ, մի շարք հարցերի կարգավորումը դրված է Կառավարության վրա, այդ թվում՝ պետական մրցանակ շնորհելու մասին որոշում ընդունելը, ինչն անհարկի ծանրաբեռնում է Կառավարության գործունեությունը և աննպատակահարմար է:

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների կարևորությունը՝ առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով՝ միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը: Մինչդեռ, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վերոհիշյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծով սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը, սահմանվել են պետական մրցանակների հավաստիքները, այդ թվում՝ դրամական պարգևները և դրանց չափերը, նախատեսվել է այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումը թողնվել է Կառավարությանը, կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից: