Արգելապատնեշի տապալում, արցունքաբեր գազի կիրառում, կաթսաներ ու թմբուկներ. ինչպես են Կանանց միջազգային օրը նշել աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ, տեսանյութ)
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, աշխարհի տարբեր քաղաքներում կանայք ակցիաներ ու երթեր են իրականացրել հանուն իրենց իրավունքների և կանանց դեմ բռնության:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, օրինակ, հարյուրավոր կանայք փակել են երթևեկությունը քաղաքի գլխավոր՝ Հուլիսի 9 պողոտայում: Նրանց ակցիան ուղղված է եղել կանանց դեմ բռնություններին և հղիության արհեստական ընդհատումների արգելքին: Ցուցարարները նաև պահանջել են սեռերի միջև հավասար իրավունքների հաստատում, գրում է ria.ru-ն:
Կանայք թմբուկներ են զարկել, պարել և բռնության դեմ կարգախոսներ վանկարկել: Չնայած բազմամարդ լինելուն՝ ակցիաները խաղաղ են ընթացել:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, ինչպես հայտնում է ria.ru-ն, կին ակտիվիստները «ֆեմինիստների գիշեր» են կազմակերպել՝ հավաքվելով Ֆրանսիական մշակութային կենտրոնի առաջ և ոստիկանների հասցեին վանկարկումներ հնչեցնելով: Անվտանգության ուժերը հորդորել են ակցիայի մասնակիցներին ցրվել, այնուհետև նրանց նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:


Գերմանիայի Համբուրգ քաղաքում Femen շարժման անդամ կիսամերկ կանայք ակցիաների շրջանակում կոտրել են Հերբերտշտրասսե՝ Կարմիր լապտերների փողոցի մուտքը փակող արգելապատնեշը:
Ինչպես գրում է Die Welt-ը, այդ կերպ կանայք որոշել են «դատապարտել կանանց սեռական շահագործումը, մարդկանց թրաֆիքինգը և սեռական բռնությունները, որոնք թաքնված են սեքս-արդյունաբերության դռների և դարպասների ետևում»:
Հերբերտշտրասսե փողոցի մետաղական դարպասը միաժամանակ պատնեշ և պաշտպանիչ էկրան է: Անչափահասների մուտքը 100 մետր երկարությամբ փողոց արգելված է: Այս փողոցում պատուհաններին կիսամերկ մարմնավաճառներ են նստում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուրաինայի Կիև, Լվով և Խարկով քաղաքներում նույնպես ֆեմինիստական ակցիաներ են տեղի ունեցել: Մայրաքաղաք Կիևում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել:
Համանման ակցիաներ են տեղի ունեցել նաև Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում և այլուր, ընդ որում՝ ակցիաների մասնակիցները հիմնականում կրել են մանուշակագույն կամ կանաչ հագուստներ կամ այդ գույնի պաստառներ են ծածանել: Մանուշակագույնը խորհրդանշում է հղիության արհեստական ընդհատման արգելքին անհամաձայնությունը, իսկ երկրորդը՝ բռնության դեմ պայքարը: Կանաչը նաև ֆեմինիզմի խորհրդանիշ գույնն է:
























