Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Իրան

12:13 • 09.03.19

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Իրան:


Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել են երկրի արտգործնախարարությունից, այցի ընթացքում Մամեդյարովը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Հիշեցնենք, որ օրերս Իրան էր այցելել ու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և իրանահայ համայնքի հետ հանդիպում ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը երկրում բնակվող ադրբեջանցիների զայրույթն էր հարուցել: Իրանում բնակվող ադրբեջանցիները ոչ միայն քննադատել էին Իրանի իշխանություններին ՀՀ վարչապետին, ինչպես իրենք են նշել, «Խոջալուի ցեղասպանության տարելիցին» Իրան հրավիրելու համար, այլև մեղադրել, ինչպես իրենք են նշել, «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու համար:


Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում ոչ միայն Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ էին վանկարկել, այլև այրել էին ՀՀ դրոշը:


Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցի ակտիվիստի, որոնց զայրացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, նրա ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին արված սելֆին: