300 անուն վայրի ուտելի բույսեր կան ՀՀ-ում. Սեդրակ Մամուլյանը՝ Պահքի շրջանի կերակուրների մասին

11:55 • 09.03.19

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Պահքի շրջանի կերակուրներին, նախ ասաց, որ պահքի կերակուրները որքան էլ հավատալիքի հետ են կապված, այնուամենայնիվ նախևառաջ կենսաբանական պահանջ են:  «Մարդու օրգանիզմը ձմռանն ավելի շատ էներգիայի կարիք ունի, բայց գարնանը, հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, կենսաբանորեն ձգտում է բուսական սննդի: Մենք, եթե նույնիսկ հավատալիքի մասով անտեղյակ լինենք, մեր օրգանիզմը բնականորեն չի ձգտում կենդանական կերակուրների»,-ասաց նա:

Սեդրակ Մամուլյանը նշեց, որ երեք հարյուր անուն վայրի ուտելի բույսեր կան Հայաստանում: «Մենք ծնված օրից փնտրում ենք դրախտը, բայց դրախտում ենք ապրում, քանի որ տարվա չորս եղանակը բնականոն իրենց առանձնահատկություններով գործում է Հայաստանում: Մեր խոհանոցում շատ են պասային կերակուրները, և մեր ազգային հարյուր քսան բաղադրության կերակուրներից ութսուն և ավելի տեսակները վայրի ուտելի բույսերից են:

Նա նշեց, որ Պահքի շրջանի կերակուրներից են՝ դոլմայի տարատեսակները, այդ թվում՝ պասուց դոլման, և կարևորեց այդ շրջանում շատ ընդեղեն օգտագործելը: «Կարելի է պատրաստել մասրապուր՝ սիսեռով  և սպանախով կամ ձավարով և այլ բույսերով, օրինակ՝ մշոշ՝ ոսպով ցորենով, կարող եմ առաջարկել ոսպով ու բույսերով աղցաններ»,-ասաց նա:

Սեդրակ Մամուլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական ծրագիր է նախաձեռնել, որը կլինի նաև պասի, դպրոցական, սպորտային սննդի մասին: «Մենք պետականորեն ամրագրված ազգային խոհանոց չունենք: Որևէ բաղադրատոմսի հեղինակ պետությունը չի նախաձեռնել, և մենք  քննարկումներից հետո առաջարկ ենք ներկայացնելու՝ ամրագրել և ստեղծել ազգային խոհանոց»,-ասաց նա և նկատեց, երեխաների դպրոցական սննդում ոչ հայկական կերակուրներ են, և երեխային սնելով ոչ հայկական նմանատեսակներով՝ նրան արդեն սկսում ենք օտարամոլության սաղմեր տալ: Բացի այդ, նա նկատեց, որ չի կարելի հաշվի չառնել բնակլիմայական պայմանները և Արարատի մարզում և օրինակ՝ Աշոցքում երեխային նույն սնունդը տալ:

Նա նշեց, որ ամեն մեկը չէ, որ կարող է ազգային խոհանոցի մասին խոսել, սակայն խոսում են բոլորը: «Մեր ժողովրդին քաբաբից ու խորովածից կտրելը շատ մեծ աշխատանք է պահանջում,  այս տարիների ընթացքում այլ մտածողություն չներդրվեց թե´ պատրաստողների, թե´ սպառողների կողմից: Մենք այսօր ունենք սննդի համակարգ, որը չէր զարգանում, քանի որ պահանջարկը ցածր էր, ընդհանրապես սննդի մշակույթի առումով շատ բան կա անելու»,-ասաց նա և նշեց, որ մեր խոհանոցը գրավիչ է էկոլոգիապես մաքրությամբ: