Գերմանիայի արևմուտքում հզոր փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը

23:55 • 10.03.19

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում երկաթուղային համակարգը կաթվածահար է եղել՝ «Էբերհարդ» հզոր ցիկլոնի պատճառով:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ժամանակավորապես դադարեցվել է Deutsche Bahn ընկերության գնացքների երթևեկությունը, գնացքները չեն կարողանում երկար երթուղիներով հաղորդակցություն իրականացնել դեպի Համբուրգ, Հանովեր, Ֆրանկֆուրտ:

Նիդեռլանդներից կամ Բելգիայից ժամանող և դեպի այդ երկրներ մեկնող միջազգային գնացքների երթևեկությունն ամբողջովին դադարեցվել է:

Հաղորդվում է, որ փոթորիկը Գերմանիայի տարածքով շարունակում է տեղաշարժվել արևմուտքից արևելք և կարող է հետագա հետևանքներ բերել: