Լուսանկարի հեղինակի կողմից ամեն ինչ արված է, որ մեքենայի պետհամարանիշը, տարածքը չերևա. ՍԱՏՄ խոսնակը՝ հաց տեղափոխող մեքենայի ոչ սանիտարահիգիենիկ վիճակի մասին
Լուսանկարի հեղինակի կողմից ամեն ինչ արված է, որ մեքենայի պետհամարանիշը, տարածքը չերևա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի նկարի հրապարակմանը, որտեղ երևում է, որ հացը տեղափոխվում է սանիտարական կանոններին անհամապատասխան մեքենայով:
«Ես մեկնաբանության մեջ գրել եմ, որ խնդրում եմ տեղեկացնել գոնե տարածք կամ մեքենայի պետհամարանիշի հայտնել: Ամենայն հավանականությամբ, աղմուկ հանելու նպատակ է ունեցել նկարողը, իսկ եթե ոչ, խնդրում եմ տվյալներ տրամադրել, և դրանով մենք կզբաղվենք: Այս պահին քայլեր ձեռնարկել չենք կարող, քանի որ ելակետ է պետք, երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ մեքենան նկարողը վարորդն է, քանի որ շատ մոտ նկարած նկար է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ միշտ հաց տեղափոխող մեքենաների սանիտարահիգիենիկ վիճակի մասին բարձրաձայնվում է, և հարցին, թե որքան մեքենա է չափանիշներին համապատասխանում, Անուշ Հարությունյանը նշեց, որ կոնկրետ տվյալներ այս պահին չի կարող հայտնել: «Կառավարության որոշում կա, համաձայն որի՝ տարին մեկ անգամ այդ մեքենաներին տրվում են սանիտարական անձնագրեր, և երբ ժամկետը լրանում է, նրանք նորից պետք է ներկայանան, և մինչ չստուգվի համապատասխան նորմերին համապատասխանելիությունը, չի երկարաձգվի այդ ժամկետը»,- ասաց նա:
ՍԱՏՄ աշխատակիցը վստահեցրեց, որ այն բոլոր արտադրությունները որոնք տեղափոխում են հաց և գրանցված են, բոլորն ունեն սանիտարական անձնագրեր: Ամեն դեպքում նա այս դեպքը զարմանալի չհամարեց, քանի որ ի տարբերություն այս լուսանկարի՝ իրենք ստանում են լուսանկարներ, որտեղ և՛ խանութը, և մեքենայի համարանիշը երևում են, և շատ արագ քայլեր են ձեռնարկում: «Ոչ շատ հաճախ, բայց այդպիսի երևույթներ լինում են: Եթե մենք ինչ-որ բանի մասին հստակ տեղեկանում ենք, ուրեմն քայլեր ենք ձեռնարկում և խնդիրը լուծում ենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ստացվում է՝ վերահսկողության խնդիր կա, Անուշ Հարությունյանը չհամաձայնեց և նշեց, որ երբ այդ անձնագրերը ստանում են վերահսկողություն իրականացվում է: «Ասել, թե վերահսկողության խնդիր կա, դա նշանակում է, որ ծառայությունն իր բոլոր աշխատակիցներին ամեն օր պետք է արտադրությունների կողքը կանգնացնի, որ վերահսկեն, թե ինչ մեքենաներով են դուրս գալիս: Ի վերջո մենք այն տնտեսվարողներին, որոնց տրամադրել ենք սանիտարական անձնագրեր, վստահում ենք, եթե հայտնաբերենք, որ նրանք բացի սանիտարական անձնագրեր ունեցող մեքենաներից, այլ մեքենաներով են տեղափոխում, ապա նրանք խնդիրներ կունենան: Եթե այդ քաղաքացին, ինչպես նշել է, չի ցանկանում «գազով հաց» ուտել, ապա նա պարտավոր է այդ «գազով հացի» մասին տեղեկացնել, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել»,- ասաց նա և նշեց, որ իրենք իրենց կողմից քայլեր ձեռնարկում են, սակայն ակնկալում են, որ քաղաքացին էլ իր հերթին քայլեր ձեռնարկի:










