Հայտնաբերվել է Եթովպիայում նախօրեին կործանված ինքնաթիռի «սև արկղը»

19:52 • 11.03.19

Եթովպիայում նախօրեին կործանված օդանավի ընկնելու վայրում աշխատող մասնագետները հայտնել են, որ հայտնաբերել են օդանավի «սև արկղը», որը կարող է օգնել պարզելու աղետի պատճառը:

Ինչպես հայտնում է Fox News-ը, Ethiopian Airlines  ավիաընկերությունը, որին պատկանում էր վթարված ինքնաթիռը, հայտարարել է, որ թվային տվյալների գրանցման սարքն ու օդաչուի խցիկի ձայնագրիչը հայտնաբերվել են մայրաքաղաք Ադիս Աբեբայից մոտ 50 կմ հեռավորությամբ:  

Եթովպացի մասնագետներին օգնում են իսրայելցի, ամերիկացի և քենիացի փորձագետները: Նրանք նշում են, որ «սև արկղի» վերծանման համար ժամանակ պետք կգա, այն վնասված է:

Հիշեցնենք, որ 157 մարդու կյանք խլած ավիավթարը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ Ադիս Աբեբայից օդ բարձրացած Boeing-ը կործանվել է թռիչքի մեկնարկից 6 րոպե անց: Նայրոբի մեկնող օդանավում 35 երկրի քաղաքացիներ են եղել: