ՆԱՏՕ-ն մտադիր է նույն հաստատուն ուղին բռնած շարունակել համագործակցությունը ՀՀ-ի հետ. Ջեյմս Ապաթուրայ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ ինքը՝ որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, կանոնավոր այցելում է Հայաստան:
«ՆԱՏՕ-ն և ՀՀ-ն կայուն և բովանդակային հարաբերություններ են ունեցել առանց քաղաքական բարդությունների, ինչը մեծ բավականություն է պատճառում: Այսօրվա իմ հանդիպումները նախագահի, արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, Ազգային ժողովի հետ վերահաստատեցին, որ Հայաստանը մտադիր է կայուն հարաբերությունները շարունակել ՆԱՏՕ-ի հետ և՛ արտաքին հարաբերություններում, և՛ պաշտպանության բնագավառում, և ես բոլոր զրուցակիցներին հավաստիացրի, որ ՆԱՏՕ-ն նույնպես մտադիր է նույն հաստատուն ուղին բռնած շարունակել համագործակցությունը»,-ասաց նա:
Պաշտոնյան նշեց, որ ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել ՀՀ-ին ցուցաբերված օժանդակության համար Աֆղանստանում և Կոսովոյում, և նշեց, որ այդ առումով Հայաստանի նպաստը նշանակալի և գնահատված է:
«Մենք նկատել ենք, որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս իր նպաստը բերում է նաև խաղաղության գործընթացին: Ես պաշտպանության նախարարին ևս ասել, եմ, որ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ օգնում է նաև իր մնացած խաղաղապահություններում ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս»,- ասաց նա և կարևորեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի իշխանությունների տարած աշխատանքը և այդ առումով ևս պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանին:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զորավարժություններին՝ նա ասաց, որ այս առումով ՆԱՏՕ-ի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ չի մասնակցում այդօրինակ կոնֆլիկտներին, չի միջամտում: «ՆԱՏՕ-ի գնահատմամբ անհերքելի է, որ այս տարածաշրջանում խաղաղությունը հետաքրքրում է ՆԱՏՕ-ին և մեր դաշնակիցների համար: Մեզ խրախուսում և քաջալերում է, որ նոր իշխանությունը նոր ջանքեր է ներդնում բանակցային գործընթացի մեջ, մեզ նաև քաջալերում է շփման գծի երկայնքով հրաձգությունների շոշափելի նվազումը: ՆԱՏՕ-ի գնահատականն աներկբայորեն այն է, որ այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է հանգուցալուծվի, ռազմական լուծում չի կարող ունենալ այս հակամարտությունը, և սա ուղերձն է, որը փոխանցում եմ և անձամբ բոլոր կողմերին ես հայտնում եմ»,- ասաց նա:










