Կանանց միջազգային օրը փողոց դուրս եկածները հայտնվել են Էրդողանի քննադատության թիրախում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կանանց միջազգային օրը Ստամբուլում, չնայած քաղաքապետարանի արգելքին, երթի դուրս եկածներն «անշնորհքություն» են արել և ուղղորդվում են երկրի ընդդիմության կողմից:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Էրդողանի՝ Ադանայում ունեցած ելույթի ժամանակ ցուցադրել են տեսանյութ, որում Մարտի 8-ի երթին մասնակցող կանայք սուլում են մզկիթից եկող ազանի (աղոթքի կանչը) ձայնի ներքո:
«Իրենց սուլոցներով ու կոչերով անշնորհքություն են արել: Ազանը չհարգողը դրոշն էլ չի հարգի», - ասել է Էրդողանը՝ պնդելով, որ Կանանց միջազգային օրը բնորոշ է Արևմուտքի երկրներին և իրենց համար ընդունելի չէ:
«Մեզ համար ամեն օր էլ կանանց օր է», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2007-2017 թվականներին Թուրքիայում սեռական բռնության դեպքերն աճել են շուրջ 32 տոկոսով: Մինչդեռ սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտվածների թիվը նվազել է 11 տոկոսով:
Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներով՝ երկրում ապրող յուրաքանչյուր չորրորդ կին իրեն անվտանգ ու ապահով չի զգում։










