Գրավատների աշխատակիցները և գազավորված ըմպելիքներ արտադրողները բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
12:21
Կառավարության մոտ ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքներ արտադրողների, գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցների հետ հանդիպեց և նրանց լսեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշեց, որ այս նախագծի նպատակը միջին և փոքր բիզնեսը ոչնչացնելն է:
Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ եկել է նրանց լսելու: «Հարցը գալու է ԱԺ, քննարկելու ենք, որ հասկանալի լինի խնդիրն ինձ համար, եկել եմ ձեզ լսելու»,- ակցիայի մասնակիցներին ասաց Ալեն Սիմոնյանը:
Տիգրան Հովսեփյանն էլ ասաց, որ այդ փոփոխություններով նախատեսվում է՝ եթե 100 գրամ ըմպելիքը 5 տոկոս շաքար պարունակի, կկիրառվի ակցիզային հարկ` առողջապահական նկատառումներից ելնելով: «Ասում են՝ մարդիկ գիրանում են»,- ասաց Տիգրան Հովսեփյանը:
ԱԺ փոխխոսնակն էլ կատակեց. «Իբրև մենք շատ չաղ ազգ ենք»:
«Հայ կոլա» ընկերության տնօրենը Ալեն Սիմոնյանին ցույց տվեց ֆինանսների փոխնախարարի գրած նամակը, որտեղ նշված էր, թե գազավորված ըմպելիքները, անկախ շաքարի պարունակությունից, ենթադրում են վնասակար սպառում: «Որտեղի՞ց է ֆինանսների փոխնախարարը վերցրել, որ վնասակար սպառում է ենթադրում, զարմանալի է»,- ասաց նա և նշեց, որ իրենք կանգնում են մեծ խնդրի առաջ:
«Երբ հուլիսի կամ սեպտեմբերի մեկից ակցիզային հարկը կիրառվեց, մեր ապրանքը 200 դրամի փոխարեն խանութ կմտնի 270-ից 300 դրամով, որից սպառումը կընկնի, ԱԱՀ չենք վճարի, եկամտահարկը կպակասի և այլն: Եթե սա արվում է, որ միջին և փոքր բիզնեսը սնանկանա, խնդրեմ»,- ասաց գործարանի տնօրենը:
ԱԺ փոխխոսնակն էլ խոստացավ` խնդիրը կքննարկեն, հիմնավորումներ կլինեն:
«Ուզում եմ իմանաք` սա դեռ ընդամենը նախագիծ է, դեռ չի ընդունվել, ու չի նշանակում, թե ընդունվելու է»,- ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց, որ այսօր հանդիպում է ունենալու մասնագետի հետ և քննարկելու է խնդիրը:
11:43
Կառավարության շենքի մոտ շարունակվում է բողոքի ակցիան «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեմ: Ակցիային մասնակցում են գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցներ:
Գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի ներկայացուցիչներից Հայկ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց բողոքն անհամաչափ տուրքի բարձրացման հետ է կապված:
«Բանկերն ու ունիվերսալ վարկային կազմակերպությունները, որոնք գրավատների հետ համեմատած ավելի շատ գործառույթներ ունեն, ու նրանց գումարային շարժը շատ ավելի մեծ է, նրանց տուրքերն ավելի ցածր են ստացվել, քան գրավատներինը կամ փոխանակման կետերինը: Բանկը 7 մլն դրամ է տարեկան վճարելու, ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ 3 մլն, իսկ ընդամենը մեքենա ու ոսկի գրավ վերցնող գրավատունը 6 մլն դրամ»,- ասաց Սահակյանը և նշեց, որ հիմա գրավատները վճարում են 100 հազար դրամ, իսկ փոխանակման կետերը` 50 հազար:
Նա նշեց, որ փոխանակման կետերի տուրքը փորձում են դարձնել 3 մլն դրամ, իսկ գրավատներինը` վեց միլիոն:
«Փոփոխությունն անհամաչափ է, և սա կտանի ոչ թե բյուջեն լցնելուն, այլ սրա տակ ինչ-որ տողատակ կա: Ի՞նչն է պատճառը, որ այսօր են անում»,- ասաց նա և նշեց, որ վերջին 20 տարում տուրքի փոփոխություն չի եղել:
«Ալեն Սիմոնյանն անցած անգամ կառավարության անդամների հետ շփվելուց հետո մեզ բացատրեց, որ 20 տարի է՝ փոփոխություն չի եղել այս ոլորտում, իսկ հիմա համահարթեցման համար բյուջեում ճեղքեր են առաջացել և այս ոլորտով փորձում են կոմպենսացնել այդ գումարները»,- ասաց Հայկ Սահակյանը:
Ըստ նրա` գրավատուն կա, որ ունի ընդամենը 28 մլն դրամի շրջանառություն: «Այս գրավատները սպասարկում են բանկերից դժգոհ մարդկանց, և այդ մարդիկ ավելի գոհ են մնում գրավատներից»,- ասաց նա:
Հայկ Սահակյանի կարծիքով` սա ճնշում է գրավատների ու փոխանակման կետերի վրա: «Ճնշումները հասան նրան, որ թույլ տվեցին բանկերին գրավատնային գործունեություն ծավալել` ոսկի վերցնել, բայց մարդիկ էլի դիմեցին գրավատներին, հիմա այդ պատճառով էլ փորձում են այսպես ճնշել»,- նշեց նա:
Որպես լուծման տարբերակ Հայկ Սահակյանն առաջարկեց երկխոսությունը: «Եկեք ուղղակի քննարկենք, կառուցողական մթնոլորտ ստեղծվի: 20 տարի ձեռք չտալուց հետո, եթե ցանկություն չկա մեր ոլորտին կպնել, քննարկենք, հասկանանք` ինչու տուրքերի բարձրացումը բանկի համար երկու անգամ է, ունիվերսալ կազմակերպությունների մոտ երեք անգամ, իսկ գրավատների համար՝ մոտ 60 անգամ: Մեր վիճակը ԿԲ-ն էլ է տեսնում, պետք է քննարկել, հասկանալ` կարո՞ղ ենք դա անել, թե ոչ»,- նշեց նա:
Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնի տնօրեն Հրատ Նալբանդյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող գրավատները կփակվեն, որովհետև ձեռք չի տա աշխատելը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կա շուրջ 140 գրավատուն, այդքան էլ փոխանակման կետ: «Ամեն գրավատուն ունի 4-5 աշխատող, իսկ փոխանակման կետերը՝ 2-3: Այստեղ միտում էլ կա: Համահարթեցման համար է փոփոխվում օրենքը, բայց սրանով գերիշխող դիրք է տրվում բանկերին ու վարկային կազմակերպություններին, փորձում են գրավատները փակել»,- եզրափակեց նա:
10:43
Գազավորված ըմպելիքներ արտադրողների, գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքում են ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի։
Ըստ նախագծի՝ կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։
Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:
Գազավորված ըմպելիքներ արտադրողները պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է և այն ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:










