Տարիներ շարունակ «սպասեք» բառն է եղել պատասխանը. Խնձորուտ գյուղի բնակիչը` ճանապարհի անբարեկարգ լինելու մասին (լուսանկարներ)
Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղի բնակիչ Խաչիկ Բարսեղյանը Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց, որ իրենց համայնքի ճանապարհի 12 կիլոմետրը քանդված վատ վիճակում է, և մոտավորապես 39 տարի առաջ է ասֆալտ արվել:
«Գյուղը սահմանամերձ է, ունի մեծ ռազմավարական նշանակություն, 530 ապրող բնակիչ ունի, 105 աշակերտ, բայց անտեսված է մնում իշխանությունների կողմից»,-ասաց նա և նշեց, որ տարիներ առաջ Աշոտ Արսենյանը եկավ գյուղ, խոստացավ բարեկարգել, փոսալցումներ կատարեցին, սակայն այդպես էլ չբարեկարգվեց ճանապարհը, և շատերը նույնիսկ թողեցին, հեռացան գյուղից:
Խաչիկ Բարսեղյանը նշեց, որ այդ ճանապարհի հատվածում նույնիսկ հեռախոսակապ հասանելի չէ. «Ամեն մի փոսի խորությունը 15-20 սմ է, լավագույն դեպքում այդ ճանապարհը կանցնես 45 րոպեում, բայց մեքենան կջարդես»,-ասաց նա: Վերջինիս ներկայացմամբ՝ մեկ անգամ հողալցում է կատարվել, ինչը շատ անարդյունավետ է եղել:
«Ներկայիս իշխանության հարցում ոչինչ չեմ կարող ասել, իսկ նախկին իշխանությունը ծայրահեղ կերպով խաբել է և ոչինչ չի արել: Ներկայումս համայնքապետը ևս շատ նամակներ է գրել, կառավարություն դիմել և ինչպես գյուղացիները, շահագրգռված է, սակայն որևէ օգուտ չի եղել: Նամակին պատասխանել են` «սպասեք», տարիներ շարունակ սպասեք բառն է եղել պատասխանը»,-ասաց նա և նշեց, որ գյուղում գազ չկա, ճանապարհ, աշխատատեղ չկա, նույնիսկ մանկապարտեզ չկա:
«Սահման պահող գյուղ է, եթե մեր գյուղը քիչ-քիչ դատարկվեց, հակառակորդը գալու է, հասնի Վայք և եթե հասավ, Սյունիք գնացող ճանապարհը փակելու է»,-ասաց նա:














