Պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ նախագահն ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

15:07 • 12.03.19

 

Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձևավորման մեկդարյա տարեդարձի առթիվ:

Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը և սկիզբ դրեցին պետականաշինության նոր տարեգրության:

Չունենալով խորհրդարանական ավանդույթներ` ժամանակի գործիչներին հաջողվեց կազմակերպել ու անցկացնել համապետական ժողովրդավարական և բազմակուսակցական ընտրություններ, սկիզբ դնել օրենսդրական բեղուն գործունեության: Հատկանշական է, որ թե Հայաստանի, թե Վրաստանի` անցյալ դարասկզբին ձևավորված խորհրդարանների կառուցվածքն ու ընդունած առաջին իսկ օրենքներն իրենց ժողովրդավարական բնույթով առաջանցիկ էին ժամանակի շատ երկրների օրենսդիր մարմինների գործունեությունից:

Մեծ է եղել խորհրդարանի դերակատարությունը երկրում ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ պետական համակարգի կայացման, միջխորհրդարանական կապերի հաստատման ու զարգացման, միջազգային հարթակներում համագործակցության ծավալման առումով: Ձևավորված ավանդույթները ժամանակի ընթացքում իրենց շարունակականությունն են ունեցել և հաջողությամբ կենսագործվում են նաև ներկայում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վրաստանում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ, մաղթում արդյունավետ և արգասաբեր գործունեություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: