Թուրքիայում 17 տարեկան տղան անկողնում ատրճանակով խաղալիս պատահաբար կրակել է ինքն իրեն

10:03 • 12.03.19

Թուրքիայի Ադանա նահանգի Յուրեյիր շրջանում 17-ամյա տղան անկողնում ատրճանակով խաղալիս պատահաբար կրակել է ինքն իրեն, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ 17-ամյա Յուսուֆ Մ.-ն այդ ժամանակ գտնվել է իր սենյակում: Կրակոցի ձայնը տանը ոչ ոք չի լսել: Ընտանիքի հարսը պատահաբար մտել է սենյակ և, ենթադրելով, որ դեռահասը քնած է, ցանկացել է ծածկել նրան: Այդ ժամանակ կինը տեսել է, որ տղան վիրավոր է, և շտապ տեղեկացրել է պատահածի մասին ընտանիքի անդամներին:

Հարազատները մեքենայով շտապ հիվանդանոց են տեղափոխել Յուսուֆ Մ.-ին, որտեղ նրան միանգամից տարել են վիրահատարան: Բժիշկները դեռահասի վիճակը ծանր են գնահատել: Թե մարմնի որ մասն է վնասել տղան՝ աղբյուրը չի նշում:

Դեպքից հետո տունը զննած իրավապահները Յ. Մ.-ի անկողնում ատրճանակ ու մեկ փամփուշտ են գտել: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես էր զենքը հայտնվել անչափահասի ձեռքում, ում էր պատկանում այն և արդյոք օրինական էր: