Ֆիլիպինների նախագահը կանանց նվիրված միջոցառման ժամանակ նրանց «քածեր» է անվանել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, երկրի ուժային համակարգում, ինչպես նաև բանակում ծառայող կանանց նվիրված տոնական միջոցառման ժամանակ վիրավորել է իգական սեռի ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է The Guardian-ը, «Ուժային համակարգի և ազգային անվտանգության ոլորտի նշանավոր կանայք» խորագրով միջոցառման շրջանակում ելույթի ժամանակ Դուտերտեն առիթը բաց չի թողել և անդրադարձել է իրեն քննադատող կանանց:
«Քածե՛ր, խենթացա՛ծ կանայք, դուք զրկում եք ինձ ազատ արտահայտվելու իրավունքից, քննադատում եք ասածս ամեն մի բառն ու նախադասությունը»,-ասել է նախագահը:
Այնուհետև նա հայտարարել է, որ շատ է սիրում կանանց ու հիանում է նրանցով:
«Ես սիրում եմ կանանց, այդ պատճառով էլ երկու կին ունեմ, ինչը նշանակում է, որ սիրում եմ կանանց»,- ասել է Դուտերտեն:
Հատկանշական է, որ միջոցառմանը ներկա կանայք լուռ լսել են երկրի նախագահի ասածը:
Պարբերականը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Դուտերտեն խոշոր սկանդալի կիզակետում էր հայտնվել, քանի որ զինվորներին կարգադրել էր կին կոմունիստ ընդդիմադիրներին տեսնելիս կրակել նրանց սեռական օրգանին:
Մինչդեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դուտերտեն, անդրադառնալով 1989թ. երկրում ավստրալացի կին միսիոների խմբակային բռնաբարության դեպքին, խոստովանել էր, որ կցանկանար նրան բռնաբարելու հնարավորություն ունենալ:
Իսկ անցած հունիսին էլ հենց բեմի վրա համբուրել էր մի անծանոթ ամուսնացած կնոջ շուրթերը:
Այնուհանդերձ՝ վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի վարկանիշը շարունակում է չափազանց բարձր մնալ բնակչության շրջանում:










