Մոսկվայում ստուգումներ են անցկացվում ադրբեջանցի գործարարների պատկանող սննդամթերքի խոշոր շուկայում

13:55 • 12.03.19

Մոսկվայում ՌԴ Ազգային գվարդիայի դաշնային ծառայության և ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում սննդամթերքի ամենախոշոր շուկաներից «Ֆուդ Սիթի»-ում, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Հայտնի է, որ երկուշաբթի նման ստուգումներ են անցկացվել նաև «Մոսկվա» առևտրային համալիրում և «Սադովոդ» շուկայում:

Ադրբեջանական minval.az կայքը նկատում է, որ «Ֆուդ Սիթի»-ն պատկանում է ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին ու Զարախ Իլիևին:

«Ստուգում են մարդկանց, դեռ ոչ ոքի չեն ձերբակալել: Ստուգում են փաստաթղթերը, նրանց, ում մոտ դրանք կարգին են, բաց են թողնում: Դեռ որևէ խնդիր չկա»,- պատմել է ադրբեջանական լրատվամիջոցի զրուցակիցը՝ նշելով, որ առայժմ ոչ ոք չգիտի սկսված լայնածավալ ստուգումների պատճառը:


Ադրբեջանական կայքը նկատում է, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե գործարար Գոդ Նիսանովը հրաժարվել է պետական որոշ նախագծերին ֆինանսական մասնակցությունից ու սկսել է դուրս բերել ՌԴ-ից իր դրամական միջոցները: