Հայտնի են օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրները

12:09 • 12.03.19

Վերջերս օդի որակի չափման AirVisual հարթակը և Greenpeace բնապահպանական կազմակերպությունը հրապարակել են օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների ցանկը:

Ցանկի հեղինակները համեմատել են 73 երկրներում օդի աղտոտվածության ցուցանիշները՝ գնահատելով այս կամ այն երկրի քաղաքներում օդի մեջ միկրոմասնիկների քանակը: Սա մարդու համար օդի աղտոտվածության ամենավտանգավոր տեսակն է. չափազանց փոքր չափսերի շնորհիվ մասնիկները հայտնվում են շնչուղիների խոր հատվածներում և, նստելով թոքերի վրա, տարատեսակ հիվանդությունների պատճառ են դառնում:

Աղյուսակում նշված թվային ցուցանիշները ցույց են տալիս օդում միկրոմասնիկների խտությունը, ընդ որում՝ 100-ն առավելագույն ցուցանիշն է:

Ամենաաղտոտված օդն ունեցող երկրների ցանկում առաջատարը Բանգլադեշն է, որին հաջորդում են Պակիստանը և Հնդկաստանը: Հարթակը նշում է, որ աշխարհի 20 ամենաաղտոտված քաղաքներից 18-ը հենց այս երեք երկրներում են գտնվում:

Ամենաաղտոտված օդն ունեցող երկրների տասնյակում են հայտնվել նաև Աֆղանստանը, Բահրեյնը, Մոնղոլիան, Քուվեյթը, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Նիգերիան:

Հարևան երկրներից Իրանը 25 ցուցանիշով աղյուսակի 25-րդ տեղում է, Թուրքիան՝ 31-րդ (21.9/100):

Ցանկի համաձայն՝ ամենամաքուր օդն Իսլանդիայում է, որտեղ օդում միկրոմասնիկների խտությունը 5-ի է հավասար: Համեմատաբար մաքուր են նաև Ֆինլանդիան, Ավստրալիան, Էստոնիան, Շվեդիան և Նորվեգիան:

Հարթակը հիշեցնում է, որ օդի աղտոտվածությունն աշխարհում վաղաժամ մահացությունների 4-րդ հիմնական պատճառն է: Դրա հետևանքով տարեկան 7 մլն մարդ է մահանում: