Սլովենիայում աղջիկն ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալու նպատակով կտրել է ձեռքի մի մասը
Սլովենիայի բնակչուհին դաստակից վերև կտրել է ձեռքը՝ հանուն 383 հազար եվրո ապահովագրական փոխհատուցման և հաշմանդամության ցմահ նպաստի, հաղորդում է BBC-ն:
Քսանմեկամյա աղջկա, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների դեմ խարդախության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել: Նրանց մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում:
Հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները ծրագրել են հանցագործությունն անցած տարվա վերջին՝ աղջկան 5 ապահովագրական ընկերություններում դժբախտ դեպքերից ապահովագրելով:
Աղջկա հետ պատահածը ներկայացվել է որպես դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել սղոցով ծառի ճյուղեր կտրելու ժամանակ: Աղջկա 63-ամյա հանցակիցը նրան առաջին «բուժօգնություն» է ցուցաբերել, ապա շտապօգնություն կանչել՝ դիտավորյալ կտրված վերջույթը դեպքի վայրում թողնելով:
Կտրված վերջույթը հիվանդանոց են հասցրել ոստիկանները: Բժիշկներին հաջողվել է այն կարել աղջկա ձեռքին՝ այդպիսով փրկելով նրան հաշմանդամությունից:
Եթե խարդախությունը հաջողվեր գլուխ բերել, աղջիկը 383 հազար եվրոյի չափով փոխհատուցում կստանար, ինչպես նաև հաշմանդամության համար ամսական ավելի քան 3 հազար եվրո, իսկ ապահովագրական ընկերությունների հնարավոր վնասը կարող էր գերազանցել 3 մլն եվրոն:










