ԱՄՆ-ն ետ է կանչում Վենեսուելայում իր դեսպանատան անձնակազմի մնացած անդամներին

11:00 • 12.03.19

ԱՄՆ-ն հայտարարել է Վենեսուելայում իր դեսպանատան անձնակազմի մնացած անդամներին ետ կանչելու մասին` հաշվի առնելով Վենեսուելայում իրավիճակի վատթարացումը, հաղորդում է Fox News-ը:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն նման հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հոսանքազրկումների և երկրում ստեղծված խոր քաղաքական ճգնաժամի ֆոնին: Նրա խոսքով՝ դեսպանատան աշխատակիցները մինչև շաբաթվա վերջ կլքեն երկիրը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԱՄՆ-ն որոշում էր կայացրել Վենեսուելայում իր դեսպանատան անձնակազմին ետ կանչելու մասին, սակայն որոշ աշխատողներ, այնուամենայնիվ, մնացել էին դիվանագիտական ներկայացուցչությունում:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որի դեմ երկրում բողոքի ցույցեր են ընթանում, իր հերթին հայտարարել էր, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և փակում Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատունն ու ամերիկյան բոլոր հյուպատոսությունները: