«Երևան Մոլը» Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ կին դիզայներների հետ մեկնարկել է «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» ակցիան (լուսանկարներ)
«Երևան Մոլն» իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ կին դիզայներների հետ համագործակցությամբ մեկնարկել է «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» ակցիան:
Կանանց միամսյակի կապակցությամբ մարտի 11-ից ապրիլի 7-ը «Երևան Մոլի» գլխավոր ատրիումում կգործի հայ դիզայներների ցուցահանդես-վաճառք, որի հասույթի 50%-ը կուղղվի անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններին: «Թիմային քննարկում ունեցանք, թե ինչ անենք այս տարի կանանց տոներին:
Հասկացանք, որ ամեն տարի «Երևան Մոլի» հաճախորդներին տարատեսակ նվերներ ենք բաժանում և որոշեցինք այս անգամ այդ գումարը և ռեսուրսն ավելի կարևոր նպատակի ուղղել և միանգամից դիմեցինք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավարին, ով մեծ սիրով աջակցեց նախաձեռնությանը: Իրենք ևս կենտրոնի կողմից 50 տոկոս զեղչ կտրամադրեն բոլոր այն կանանց, ովքեր կհերթագրվեն նախագծի շրջանակում հետազոտություն անցնելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր կին դիզայներներին, որոնք նույնպես մեծ սիրով ու պատրաստակամությամբ միացան այս նախաձեռնությանը»,-լրատվամիջոցների հետ զրույցում նշեց «Երևան Մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ նշեց, որ շատ ուրախ է նմանատիպ համագործակցության համար, որի հիմքում հայ կնոջ առողջության ապահովումն է:
«Շատ ուրախ եմ և շատ շնորհակալ «Երևան Մոլի» ղեկավարությանը, որ նման նախաձեռնություն են սկսել: Մենք ունեցել ենք նախագծեր, և մեզ դիմել են տարբեր խանութների ներկայացուցիչներ, սակայն այսպիսի նախաձեռնություն առաջին անգամ է: Մինչև հիմա մենք միշտ ունեցել ենք զեղչերի ավանդույթ, և հիմա էլ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր կենտրոնում հայտարարված են զեղչեր: Նախատեսված է, որ այս միջոցառման ավարտից հետո մենք կունենանք արդեն գումարի չափը, այնուհետև կորոշենք, թե որ կանայք պետք է հետազոտվեն, անպայմանորեն պետք է ներառենք կարիքավոր կանանց և իհարկե, մեր կողմից կտրամադրենք 50 տոկոս զեղչ, որպեսզի ինչքան հնարավոր է շատ թվով կանայք կարողանան օգտվել այս ծառայությունից»:
Ցուցահանդես-վաճառքում ներկայացված են շուրջ 20 հայ կին դիզայներների աշխատանքները՝ հագուստից մինչև աքսեսուարներ ու զարդեր: Դիզայներ Ֆաինա Հարությունյանը նշեց, որ իր կողմից ներկայացված հագուստի արժեքը բավականին մատչելի է, և ակնկալվում է, որ հեշտությամբ կվաճառվի:
«Ես և մյուս հայ դիզայներները սիրով միացել ենք այս նախագծին: Հուսով եմ՝ լավ վաճառք կունենանք: Մեկ ամսվա ընթացքում հագուստի տեսականին անընդհատ թարմացնելու ենք: Վստահ եմ, որ կանայք սիրով կգնեն ներկայացված հագուստը՝ գիտակցելով, որ այդ գումարն ուղղվում է բարեգործությանը»,-ասաց Ֆաինա Հարությունյանը:



























