Գիշերային օպերացիաներ չեն լինի․ դա մեր քաղաքական թիմի մոտեցումը չէ․ Վ․ Մնացականյանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին (տեսանյութ)
Մենք հարցում ենք կատարել հարկային մարմիններ և վաղը կիմանանք, որ սրճարանը որքան աշխատող ունի։ Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների վերաբերյալ ներկայացվող թվերը ուռճացված են։
Երևանի քաղաքապետարանում սրճարանների սեփականատերերի հետ հանդիպում-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Նրա խոսքով՝ ապամոնտաժվող սրճարանները «ինքնակամ» կառույցներ են, այսինքն՝ ապօրինի կառուցված․ «Ժամանակին ինչ-ինչ պայմաններում, ինչ-ինչ ուժերի կողմից այդ սիզամարգերը տրվել են որոշ կազմակերպությունների, որոշները վաճառվել են։ Հիմա ստացվում է, որ այդ սիզամարգերի փոխարեն մենք ունենք կառույցներ, որոնք չունեն թույլտվություն, մենք ունենք պայմանագիր, որտեղ նշված է, որ քաղաքային իշխանությունները կարող են մեկ ամիս առաջ ծանուցել նրանց տարածքն ազատելու վերաբերյալ և նրանք պարտավոր են դա անել»։
Վ․ Մնացականյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը որևէ գիշերային օպերացիաներ չի անի․ «Դա մեր քաղաքային թիմի մոտեցումը չէ»։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ սրճարանները չապամոնտաժեն, Մնացականյանն ասաց․ «Ես այդ տարբերակ չեմ տեսնում, բայց որոշողը Երևանի քաղաքապետն է»։










