Մոսկվայում աղբով լի տանը միայնակ գտնված 5-ամյա աղջկա մայրը տեղի ունեցածի համար մեղադրել է հարևաններին

23:28 • 13.03.19

Մոսկվայում աղբի մեծ կույտերով լցված տանը միայնակ գտնված 5-ամյա աղջկա մայրը մեկնաբանել է դստեր վիճակն ու հայտարարել, որ երեխան չի խոսում, քանի որ վախեցել է ոստիկաններին տեսնելիս: Այս մասին գրում է «Известия» պարբերականը:

«Նա պարզապես վախեցել է, երբ տեսել է, թե ինչպես են 15 հոգով կոտրում դուռը», - ասել է 47-ամյա Իրինա Գարաշյենկոն:

Ըստ նրա՝ տանը եղած մեծ քանակությամբ աղբի մասին ինքը տեղյակ չէ, իսկ տեղի ունեցածը հարևանների հետ լարված հարաբերությունների հետևանք է. կինը պնդում է, որ հարբեցող հարևանները պարզապես նրան զրպարտում են:

Գարաշյենկոն նշել է, որ նա և իր ընկերը ցանկանում էին վաճառել տունը և գնել երկու փոքր բնակարան, որից մեկը կգրանցեին աղջկա անունով, իսկ մյուսում կապրեին: Տեղափոխման որոշման պատճառն, ըստ կնոջ, նույնպես վատ հարևաններն են:

Կալանքի տակ գտնվող կինն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, մինչդեռ եթե դրանք հաստատվեն, Գարաշյենկոյին սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:

Հայտնի է, որ երեխայի մոտ կան անորեքսիայի նշաններ, փոքրիկը չի կարողանում ինքնուրույն ուտել, գնալ զուգարան ու հագնվել: Նրա մարմնին նաև հայտնաբերվել է մաշկի մեջ խրված խաչ: