Մեքսիկայի քաղաքներից մեկում նարկոկարտելների միջև բախումների հետևանքով 9 մարդ է սպանվել

10:25 • 13.03.19

Մեքսիկայի Պուեբլա քաղաքում թմրավաճառների մրցակից խմբավորումների միջև բախումների հետևանքով առնվազն 9 մարդ է սպանվել:

Ինչպես նշում է Proceso հարթակը, սկզբում հայտնաբերվել են 2 տղամարդու և 1 կնոջ՝ պոլիէթիլենային տոպրակներում փաթաթված մարմինները, որոնց կողքին «Սինալոա» կարտելի անունից հաղորդագրություն է եղել:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է ևս 4 դի՝ «Խալիսկո. Նոր սերունդ» կարտելի անունից հաղորդագրությամբ: Եվս 2 մարդ սպանվել է քաղաքի տարբեր մասերում՝ հրազենի կրակոցից:

Պուեբլա նահանգի հասարակական անվտանգության նախարար Ալոնսո Գարսիան հաստատել է, որ սպանությունները կապված են թմրավաճառքի և վառելիքի գողության հետ:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունների ալիք է բարձրացել, որը հիմնականում պայմանավորված է դեպի Միացյալ Նահանգներ կոկաինի արտահանման վերահսկողության համար կարտելների միջև պայքարով:

2018թ.-ի ընթացքում երկրում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել. Անվտանգության նախարարությունը հայտարարել է ավելի քան 33 հազարի մասին: