Անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 3 դեպք. մարտի 12-13-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 68 դեպք

10:43 • 13.03.19

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, սպանության սպառնալիքի ու ծեծի 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքային վնաս պատճառելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և տարածելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: