ՌԴ Սամարայի մարզում ոչնչացրել են ահաբեկչական գործողություն ծրագրած գրոհայինի. հրապարակվել է միջադեպի տեսանյութը (տեսանյութ)

12:49 • 13.03.19

Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում ահաբեկչական գործողություն ծրագրած գրոհային է ոչնչացվել, գրում է РИА Новости-ն՝ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին հղումով:

Հանձնաժողովի տվյալներով՝ լույս մարտի 13-ին Անվտանգության դաշնային ծառայությունում տեղեկություններ են ստացվել Բեզենչուկի շրջանի Եկատերինովկա գյուղի տներից մեկում գտնվող զինված անձի մասին: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցներն առաջարկել են ահաբեկչին հանձնվել, սակայն ի պատասխան վերջինս կրակ է բացել և նռնակ նետել: Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները չեզոքացրել են տղամարդուն:

Տանը, որտեղ գտնվել է ահաբեկիչը, զենք-զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել: Նախնական վարկածի համաձայն՝ զինված անձը ցանկացել է մարդկանց զանգվածային կուտակման վայրում ահաբեկչական գործողություն իրականացնել:

Հայտնի է դարձել նաև գրոհայինի ինքնությունը. նա միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի համախոհ է եղել և կապ է պահպանել արտերկրյա իր համախոհների հետ: