«Դրանք թռչելու համար չափազանց բարդ են դառնում». Թրամփը քննադատել է ժամանակակից ինքնաթիռները

15:23 • 13.03.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել ժամանակակից ինքնաթիռները՝ հաշվի առնելով դրանց կառավարման բարդությունները:

«Ինքնաթիռները թռչելու համար չափազանց բարդ են դառնում: Դրանք կառավարելու համար այլևս օդաչուներ պետք չեն, այլ պետք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային տեխնոլոգիաների մասնագետներ»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:

Թրամփի կարծիքով՝ բարդության բարձր մակարդակը վտանգ է ստեղծում:

«Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես չեմ ցանկանում, որ իմ օդաչուն Ալբերտ Էյնշտեյնը լինի: Ես ցանկանում եմ հրաշալի, պրոֆեսիոնալ օդաչուների տեսնել, որոնք տեխնիկապես ինքնաթիռի կառավարումն արագ ու հեշտ կերպով իրենց ձեռքը վերցնելու հնարավորություն ունեն»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Այս մեկնաբանությունն արվել է «Եթովպական ավիաուղիներ»-ի՝ մարտի 10-ին Boeing 737 Max 8 օդանավի վթարի ֆոնին, որը 157 մարդու կյանք է խլել:

Դեպքից 4 ամիս առաջ նույն մոդելի օօդանավը կործանվել էր Ինդոնեզիայում, ինչի հետևանքով 189 մարդ էր զոհվել:

Ըստ հետաքննության նախնական տվյալների՝ այդ մոդելի օդանավերը կարող են սխալվել օդի հոսքի տվյալները վերծանելիս և ինքնուրույն իջեցնել օդանավի քթամասը: