ԱՄՆ-ը հրաժարվել է դադարեցնել Boeing 737 Max 8 ինքնաթիռների շահագործումը

05:55 • 13.03.19

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը, դիտարկելով երկու ավիավթարի դեպքերը, հրաժարվել է կասեցնել Boeing 737 Max 8 ինքնաթիռների շահագործումը: Այդ մասին հայտնում է Коммерсант-ը` հղում անելով վարչության թվիթերյան էջին:

Աղբյուրի փոխանցմամբ` քաղավիացիայի վարչությունն, այդուամենայնիվ, շարունակում է ուսումնասիրել «բոլոր առկա տեղեկություններն» օդային այդ հսկաների  մասին:

«Մինչ օրս, մեր գնահատմամբ, համակարգային լուրջ խնդիրներ չեն բացահայտվել, որոնք կարող են հիմք դառնալ օդանավորի շահագործումը դադարեցնելու համար: Քաղաքացիական ավիացիայի այլ մարմինները նույնպես չեն տրամադրել այնպիսի տեղեկություն, որը կարող է արդարացնել այդ քայլը»,- նշված է վարչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Boeing-ի նախագահ Դենիս Մյուլենբուրգի հետ: Վերջինս ԱՄՆ առաջնորդին վստահեցրել է Boeing 737 Max-ի հուսալի և անվտանգ լինելու մասին: Զրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվել: