«Քաղաքապետը տղամարդկություն չունեցավ որևէ սրճարանի ղեկավարի հետ հանդիպելու», «աշխատատեղեր են քանդում». Օպերայի տարածքի սրճարանների ներկայացուցիչներ
Այսօր Երևանի քաղաքապետարանը սկսել էր ապամոնտաժել Օպերայի մերձակայքում գործող որոշ սրճարաններ և սրճարանների որոշ հատվածներ: Սա ապամոնտաժման առաջին փուլն է:
Տարվա սկզբին Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սեփականատերերն իրենց հերթին նշում են, որ բիզնես գործունեության ծավալման համար կնքված պայմանագրերը չեն ավարտվել:
Օպերայի հարակից տարածքի սրճարաններից մեկի՝ «Շոկոլադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը Երևանի քաղաքապետարանի կողմից սրճարանների ապամոնտաժումն աշխատատեղերի քանդում է որակում։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ողջունում են, գնում են 50 աշխատատեղ ստեղծող հյուրանոցի բացմանը, փոխարենն առանց ափսոսալու 300-400 աշխատատեղ են փակում։
«Ինչքան մարդ է սոված մնում, մենակ աշխատատեղերը չեմ ասում, բա մատակարարները։ Արդեն մատակարարներն են բողոքում, ասում են՝ որ դուք փակվեք, բա մե՞նք, իրենք էլ են տուժելու, որովհետև այս սրճարաններում են ռեալիզացրել իրանց ապրանքը»,- ասաց նա։
Պողոսյանը նկատեց, որ իրենց և քաղաքապետարանի՝ տարածքի օգտագործման պայմանագիրը մինչև 2026 թվականն է:
Ինչ վերավերում է դիտակմանը, որ անօրինակ է կառույցը, և հիմա պետք է կանաչապատում լինի՝ ի շահ մայրաքաղաքի, Լաերտ Պողոսյանն արձագանքեց․ «Այսինքն՝ 30 տարի անօրինակա՞ն է եղել այս ամեն ինչը, 30 տարի հոսանքի համար վճարել ենք։ Ո՞ւմ է խանգարում, բոլորն էլ իրենց տարածքը կանաչապատել են, սրանից ավել էլ ի՞նչ կանաչապատում։ Քաղաքն այնքան շահ ունի, եկեք դա անենք։
Էդ քաղաքապետն իր տան դիմաց մի ծառ չունի, Հյուսիսային պողոտայում տուն ունի, բայց մի հատ ծառ չունի, դա նորմալ է՞։ Փոխանակ սա նայի, գնացել ուրիշի հացն է խլում։ Թող իրենց տնից սկսի, թող Հյուսիսային պողոտան քանդի»,- եզրափակեց Լաերտ Պողոսյանը։
Լրագրողների հետ զրույցում «Ջազզվե» սրճարանների ցանցի գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը, ասաց, որ քաղաքում շատ մեծ խնդիրներ կան, ինչպես նաև այգիներ կան չվերականգված, որոնք բավականին մեծ խնդիրներ ունեն, բայց չգիտես, թե ինչու վերականգնման գործընթացը սկսում են պատրաստի տարածքներից։
«Եթե ինչ-որ մեկին՝ ավագանու կամ քաղաքապետի, թվում է՝ ինձանից լավ Երևանից են ու ինձանից շատ են Երևանը սիրում, սխալվում են։ 2000 թ․ բիզնեսով եմ զբաղվում ու միշտ ներդրում եմ արել Երևանում, ոչ թե ոմանց նման եվրոպաներում, ավելի կոնկրետ, օրինակ՝ պրահաներում, ինչպես երևում է հայտարարագրերում։ Ես դեմ չեմ, եթե կանաչապատ գոտիներն է քաղաքապետարանը վերականգնում, ոչ մի խնդիր չկա։ Թող հավաքվեին, մեզ հետ զրուցեին ու ասեին, որ գիտեք՝ սկսել ենք վերականգնել ու 3-4 տարի հետո ձերն էլ ենք քանդելու, և մենք մեր բիզնեսն այս տրամաբանությամբ կկառուցեինք»,- ասաց նա։
Արմեն Պետրոսյանը շեշտեց, որ հարևան Վրաստանից խնդրում են, որ ՀՀ բիզնեսմենները գնան ու այնտեղ ներդրում անեն, իսկ ՀՀ-ում բիզնեսը քանդում են։ Նրա խոսքով՝ իրենց ֆինանսական կորուստը շատ մեծ է լինելու, ավելին՝ հիշեցրեց, որ 2 տարի առաջ ամեն բան վերանորոգել են։ Վերջինս նաև հավելեց, որ իրենց հետ որոշումից հետո քննարկում չի եղել։
«Պայմանագրի վաղաժամ դադարեցման կետ կա, բայց սկզբունքային հարցն այն է, որ մեր քաղաքապետը տղամարդկություն չունեցավ որևէ սրճարանի ղեկավարի հետ հանդիպելու, խնդիրը հասկանալու։ Մենք մի գրություն ենք ստացել ու պատասխան ենք գրել, որին մի ամսվա մեջ պետք է պատասխան տային, բայց պատասխան չենք ստացել, բայց նամակում գրել էինք, որ ունենք ներդրումներ և այլն»,- ընդգծեց Արմեն Պետրոսյան։
Վերջինս նկատեց, որ իրենց սրճարանի միայն վերևի հատված են ապամոնտաժում, սակայն պնդեց, թե ներքևի հատվածը չի կարող օգտագործել, քանի որ համապատասխան կոմունիկացիաներ չկան։
Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ դա բխում է քաղաքի շահերից, շինություններն ապօրինի են.«Ասաց, որ խրախուսում են, ցանկանում են, ու իրենց էլ դիմում են, որ նոր սրճարաններ բացեն, բայց դա չպետք է լինի կանաչ տարածքների հաշվին»:
Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին հոսանք միացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները սկսեցին հավաքել լարերը՝ վանկարկելով` ամոթ, ամոթ:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը ցուցարարներին ասաց, որ պատասխանատու մեկը նրանցից մոտենա, և բանակցություններ սկսեն քաղաքապետարանի հետ: «Փորձենք հետաձգել մի քանի օր այս պրոցեսը, հասկանանք` ինչ է այս մարդկանց պահանջը»,- ասաց նա:
Ի վերջո, համաձայնություն ձեռք բերվեց Կենտրոնի թաղապետի և մեկ-երկու սրճարանների սեփականատերերի միջև, ապամոնտաժման աշխատանքները որոշ ժամանակով կդադարեն, իսկ այդ ընթացքում սրճարանների կողմից լիազորված իրավաբանը կբանակցի քաղաքապետարանի հետ:
Ապա Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ժամը 18:00-ին Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանների ներկայացուցիչները քաղաքապետարանում քննարկման մասնակցեն:
Նա հավելեց, որ հիմա տեխնիկան դուրս է գալիս տարածքից:










