Ցուցարարների ու ոստիկաների հրմշտոցի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել. Արման Աբովյան (տեսանյութ)

17:29 • 14.03.19

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Օպերայի հարակից տարածքում Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր ցուցարարների ու ոստիկաների հրմշտոցի ժամանակ նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է վնասվածք ստացել:

«Տուժել էր նաև տիկին Զոհրաբյանը, մենք նրան հանեցինք տարածքից, ոտքն էր վնասվել այդ հրմշտոցի ընթացքում»,- ասաց նա:

Աբովյանը նշեց, որ այսօրվա բողոքի ցույցին վնասվածքներ ստացած երկու քաղաքացիների վիճակը նորմալ է, նրանք ծանր վնասվածք չեն ստացել:

Պատգամավորը նշեց, որ կա անհամաձայնություն, որը պետք է լուծել երկխոսության միջոցով:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլորին լսել միմյանց, և փառք Աստծու, կարծես մեր հորդորը տեղ հասավ»,- ասաց նա: