Գերմանացիների 80 տոկոսը չի ցանկանում այցելել Թուրքիա. հարցում

16:00 • 14.03.19

Գերմանացիների 80 տոկոսը չի ցանկանում այցելել Թուրքիա, այս մասին հայտնի է դարձել գերմանական Tagesspiegel պարբերականի պատվերով Civey հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում:

Հայտնի է, որ հարցումն անցկացվել է մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 5047 մարդ:

Ինչպես փոխանցում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, հարցվածների 80 տոկոսը նշել է, որ չի մտածում Թուրքիա մեկնելու մասին, իսկ 66,8%-ը հայտնել է, որ վստահաբար երբեք չի գնա այդ երկիր: Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի բնակիչների նման մոտեցման պատճառը կարող է լինել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի վերջին հայտարարություններն ու գերմանացի լրագրողների` աշխատանքային քարտ ստանալու դժվարությունները:

Սոյլուն նշել էր, թե ծնունդով Թուրքիայից Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ, որոնք Գերմանիայում մասնակցում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հավաքներին, կձերբակալվեն հենց Թուրքիա ժամանելուն պես՝ օդանավակայաններում:

Դրան հաջորդել է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որով Գերմանիայի քաղաքացիներին կոչ էին արել զերծ մնալ Թուրքիա այցելելուց:

Հատկանշական է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Թուրքիա ժամանած գերմանացի զբոսաշրջիկների թիվը հասել է 4,5 մլն-ի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 26 տոկոսով:

Հայտնի է, որ Թուրքիան գերմանացիների համար Հունաստանից և Իսպանիայից հետո հանգստի ամենատարածված ուղղությունն է: