Քենիացի հաղորդավարը սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ Եթովպիայում ինքնաթիռի կործանման մասին պատմելիս դրսևորած «գարշելի» պահվածքի պատճառով (տեսանյութ)

12:36 • 14.03.19

Քենիական NTV հեռուստաալիքի հաղորդավար Դան Մվանգին խիստ քննադատությունների է արժանացել ու հայտնվել սկանդալի կիզակետում՝ Եթովպիայում Boeing 737 MAX 8 ինքնաթիռի կործանման մասին պատմելիս դրսևորած ոչ պատշաճ պահվածքի պատճառով: Այս մասին գրում է lenta.ru-ն:

Հաղորդավարը նկարագրել է օդանավի անկման մանրամասները, զուգահեռաբար տաղավարի մեծ էկրանին ցուցադրվել է անիմացիոն կարճ հոլովակ, որում հեռուստադիտողները կարող էին տեսնել ինքնաթիռի կործանման պահի վերարտադրությունը: Այն պահին, երբ էկրանին ցուցադրվել է արդեն ընկած ու այրվող Boeing 737 MAX 8-ը, քենիացի հաղորդավարն իբր կատակով երևակայական կրակը ձեռքերով հետ մղող շարժումներ է արել ու դուրս եկել կադրից:

Հաղորդավարի քայլը շատերը «գարշելի» ու «խայտառակ» են անվանել, իսկ այդ ամենը ցուցադրող հեռուստաալիքին՝ անպատասխանատու:

Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր նկատել են, որ ողբերգական դեպքի հետևանքով մահացել են նաև քենիացիներ, իսկ Մվանգին համարձակվել է հումոր անել այդ թեմայով:

Խիստ քննադատությունների ալիքը ստիպել է հաղորդավարին ներողություն խնդրել, հաջորդ օրը նա հատուկ նամակ է հրապարակել այդ թեմայով ու հայցել իր քայլից վիրավորվածների ներողամտությունը: