Վենեսուելայում ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը

10:13 • 14.03.19

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը մարտի 13-ին հայտնել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից հետո ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը, գրում է CNN-ը:

«Այսօր համազգային մակարդակով լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,- հայտարարել է Ռոդրիգեսը պետական հեռուստաալիքի եթերում՝ խոստովանելով, որ մի շարք վայրերում դեռևս տրանսֆորմատորների պայթյունի պատճառով խնդիրներ են առկա:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վենեսուելայում երկրի ամենախոշոր՝ «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով մասշտաբային հոսանքազրկումներ էին գրանցվել 23 նահանգներից 21-ում, իսկ մայրաքաղաք Կարակասում էլեկտրամատակարարման ընդհատումը 6 ժամ էր տևել:


Վենեսուելայի էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան միջադեպը Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի գործողություն է որակել:

Երկրի նախագահ նիկոլաս Մադուրոն կատարվածի համար «ամերիկյան իմպերիալիզմին» է մեղադրել: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նման մեղադրանքները: Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն էլ իր հերթին հայտարարել է, որ հոսանքազրկումը «ուզուրպատորի անարդյունավետության ապացույցն» է՝ նկատի ունենալով Նիկոլաս Մադուրոյին: