Վենեսուելական քաղաքում էլեկտրաէներգիայի անջատումների օրերին խանութների զանգվածային թալանի վնասը գերազանցել է 50 մլն դոլարը

15:11 • 14.03.19

Վենեսուելայի Սուլիա նահանգի մայրաքաղաք Մարակայբոյում էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ խանութների զանգվածային թալանի վնասը գերազանցել է 50 մլն ԱՄՆ դոլարը, այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը՝ հղում անելով քաղաքային Առևտրի պալատի ղեկավար Ֆերգյուս Ուոլշին:

«Սա նախնական տվյալներն են, և դրանք կաճեն», - ասել է պաշտոնյան:

Նրա հաղորդած տվյալների համաձայն՝ չարագործների գործողությունների պատճառով մարտի 7-ից սկսած տուժել է ավելի քան 500 առևտրային ձեռնարկություն: Ավելի վաղ դրանց քանակը գնահատվում էր 350:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վենեսուելայում երկրի ամենախոշոր՝ «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով մասշտաբային հոսանքազրկումներ էին գրանցվել 23 նահանգներից 21-ում, իսկ մայրաքաղաք Կարակասում էլեկտրամատակարարման ընդհատումը 6 ժամ էր տևել:

Վենեսուելայի էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան միջադեպը Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի գործողություն էր որակել:

Նախօրեին Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման մասին: