Նոր Զելանդիայում հարյուրավոր մարդիկ ծաղիկներով «ողողել» են 50 մարդու կյանք խլած ահաբեկչության դեպքի վայրը (լուսանկարներ)
Հարյուրավոր նորզելանդացիներ ծաղիկներ են բերել Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթների մոտ, որտեղ նախօրեին ահաբեկչական հարձակման հետևանքով 50 մարդ է սպանվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը «Ալ Նուր» և «Լինվուդ Մաջիդ» մզկիթների մոտ ծաղիկների «ծով» է գոյացել: Սրտացավ մարդիկ ծաղիկներից բացի բազմաթիվ մոմեր են վառել դեպքի վայրում:
Բացի այդ, որոշներն աջակցող ու գոտեպնդող խոսքերով նամակներ են գրել ահաբեկչության հետևանքով վիրավորներին, որոնք այժմ հոսպիտալացված են:
Ուրբաթ առավոտյան Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում բացված հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն ահաբեկչություն է անվանել: Ձերբակալվել է 3 կասկածյալ, նրանց թվում է նաև Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:






























