Եթե անփութություն է եղել 11,000 նպաստառուի վարկ տալը, չարժե պատասխանատվության ենթարկել մեղավորներին, բայց եթե կոռուպցիոն սխեմա է գործել, պետք է պատժվեն. Հրաչյա Հակոբյան

23:03 • 16.03.19

Կարծում եմ, որ անփութության հարց է եղել, հետևողական չեն եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հրապարակմանը, ըստ որի՝ այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում:

«Եթե պարզվի, որ անփութություն է եղել, հետևողական չեն եղել և ով դիմել է, նպաստ են տվել, չեմ կարծում, որ դրա համար արժե մարդկանց պատասխանատվության ենթարկել: Բայց եթե պարզվի, որ ինչ-որ կոռուպցիոն սխեմա է գործել, և վարկ փակող չակերտավոր նպաստառուները ինչ-որ գումար են տվել, որ իրենք էլ դառնան նպաստառու և դա համակարգվել է ինչ-որ մի տեղից, բնականաբար, պետք է որ որոշ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:

Հարցին, թե 11 հազարի դեպքում ինչպես կարող է անփութություն լինել,  նա ասաց, որ հենց այդ թիվն է մտահոգիչ համարում: «Բայց միևնույնն է, ես փորձում եմ մի քիչ լավատեսորեն նայել և մտածել, որ անփութության հետևանք է և ոչ թե կոռուպիցոն սխեմա»,-ասաց նա:

Ըստ նրա՝ աշխատանքները շարունակվում են և կպարզեն, թե ինչի արդյունքում է այդքան մարդ նպաստ ստացել:

Անդրադառնալով հարցին, թե ավելի վաղ հնարավոր չէ՞ր այդ թիվը պարզել, նա ասաց, որ պետք էր ամեն ինչում համոզվել, հստակ թվեր ունենալ, քանի որ սխալ է հիմնվել կասկածների վրա, և օդում կախված լուրերի հիման վրա բան հայտարարել:

 Պատգամավորը կարծում է, որ եթե մարդը մինչև 400 հազար վարկ է մարում, ապա աղքատ չէ և պետք է դուրս գա աղքատների ցանկից:

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից զինված ուժերի աշխատավարձերի հետ զուգահեռ անցկացնելուն, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով՝ պարզապես համեմատական է, սակայն նշեց, որ չի կարծում, թե այդ օրինակը կարող է պատահական լինել:

«Սպասենք, տեսնենք, թե ինչ հետևանքներ կլինեն, կառավարությունն ինչ որոշումներ կկայացնի»,-ասաց նա:

Որպես պատգամավոր՝ նա նշեց, որ կարծում է, որ պետք է ավելի արդյունավետ ծախսել այդ միջոցները: «Հիմա թե բանակի վրա այդ գումարը կծախսվի, կամ միգուցե թոշակը բարձրանա այդ գումարով, չեմ կարող ասել»:

 Դիտարկմանը, թե սա՞ է աղքատության մակարդակի նվազման իշխանության ճանապարհը, նա  նշեց, որ  ոչ միայն այս ճանապարհով, այլ նաև աշխատատեղեր հիմնելով, թոշակներ ավելացնելով պետք է պայքարեն աղքատության դեմ: