Ապօրինի կառուցված ձեղնահարկերը քանդելու քաղաքապետարանի որոշումը շատ ճիշտ է, դրանք շատ վտանգավոր են․ Մկրտիչ Մինասյան
Երևանում կառուցված շատ ձեղնահարկեր վտանգավոր են, դրանք քանդելու որոշումը քաղաքապետարանը պետք է օր առաջ կայացնի: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ իր գոհունակությունը հայտնելով քաղաքի իշխանություններին՝ նման որոշում կայացնելու առիթով:
«Երբեմն մարդիկ դիմել են ու ստացել են ձեղնահարկ կառուցելու թույլտվություն՝ ներկայացնելով, որ տանիքը իրենք կկառուցեն՝ միայն թեքությունը ինչ-որ չափով փոխելով: Բայց այդ ստացած թույլտվությունը շատերի համար պատճառ է դառնում, որ երկու հարկ էլ ավելացնեն շենքին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի աղբյուրի՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունան մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները:
Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ժամանակին օգտագործվող «դեմագոգիկ» արտահայտությունը, որ մեր ժողովուրդը քանդող չէ, պատճառ է դարձել Երևան քաղաքի աղավաղման: «Ոչ մեկը չի եկել, ասել՝ հարգելի՛ բնակիչ, քեզ թույլատրված է եղել մեկ հարկ, այլ ոչ թե երկուսը ավելացնել, առանց այն էլ ծանրագույն վիճակում գտնվող շենքը չի կարելի նման ծանրաբեռնվածության տակ դնել,- ասաց նա, ապա հավելեց,- ես կարող եմ ասել, որ այստեղ քաղաքի տեսքն աղավաղելն անգամ երկրորդական բան է, վտանգավոր է այդ շենքերի վիճակը»:
Ճարտարապետների միության նախագահի խոսքով՝ քաղաքապետի կողմից նման որոշում ընդունելը շատ ճիշտ է: «Պետք է ուսումնասիրվի, ցուցակագրվեն շենքերը, թե որը ինչ թերություններ ունի, եթե պետք է, շտկեն, եթե պետք է, անգամ քանդեն: Անօրինական կառուցված ձեղնահարկերը մեծ վտանգ են ներկայացնում»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ նման որոշումը կառաջացնի շատերի դժգոհությունը, քանի որ նման ձեղնահարկեր կառուցողները շատ են, Մկրտիչ Մինասյանը նշեց․ «Եթե նայենք այդ դժգոհությանը, հաշվի չառնվի, որ այդ մարդը մեկ հարկ ավելացնելու համար վտանգում է ամբողջ շենքը, ապա մենք ոչնչի չենք հասնի: Դրանք զարտուղի ճանապարհներով կառուցված ձեղնահարկեր են: Ես համարում եմ, որ դրանք քանդելը ճիշտ է»:
Քաղաքային իշխանություններին, ըստ ճարտարապետի, դժվար է լինելու իրենց որոշածն իրականացնելը, բայց մեկ օր դա անելը խիստ անհրաժեշտ է լինելու: «Մենք շուտ ենք մոռանում դաժան բաները, ինչպիսին 1998 երկրաշարժն էր: Եթե երկրաշարժ լինի, ի՞նչ պետք է անենք»,- ասաց նա:










