Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Facebook-ը հեռացրել է դաժան սպանդի 1,5 մլն տեսանյութ

12:32 • 17.03.19

Նոր Զելանդիայի Քրիսթչարչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի ունեցած զինված հարձակմանը հաջորդած 24 ժամվա ընթացքում Facebook-ը ստիպված է եղել հեռացնել սպանդը ցուցադրող 1,5 մլն տեսանյութ սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի հաշիվներից։

Ինչպես նշվել է ընկերության՝ Twitter-ի պաշտոնական էջում, Facebook-ը ջնջել է նաև դաժան տեսանյութով 1,2 մլն կրկնակի վերաբեռնված հրապարակումներ։

Նշենք, որ մզկիթներից մեկը ներխուժած 28-ամյա ավստրալացի Տարանտին տեսանկաարահանել էր հարձակման ամբողջ ընթացքը՝ իր վրա ամրացված տեսախցիկով։

Ընկերությունում հայտնել են, որ արել են դա ահաբեկչության զոհերի հարազատների ու նրանց վշտի հանդեպ հարգանքից ելնելով։

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի առնվազն երկու մզկիթում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության հետևանքով զոհվել է 50 մարդ, ևս 48-ը հոսպիտալացվել են։ Նոր Զելանդիայի իշխանությունները դատապրտել են տեղի ունեցածը՝ նշելով, որ հարձակումն իրականացրածները «տեղ չունեն նորզելանդական հասարակության մեջ»։