Չեռնոգորիայում փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ` պահանջելով նախագահի և կառավարության հրաժարականը
Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքի կենտրոնում շաբաթ տեղի է ունեցել խաղաղ բողոքի ակցիա, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Ցուցարարները երկրի նախագահ Միլո Ջուկանովիչին և կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի մեջ և պահանջել նրանց հրաժարականը, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցների մեջ գերակշռել են ուսանողներն ու դասախոսները: Ցուցարարների ձեռքին պաստառներ են եղել` «Միլո հեռացիր», «Բավական է», «Կանգնիր և հաղթիր» կարգախոսներով:
Ակցիայի մասնակիցները ելույթներ են ունեցել` նշելով, որ Չեռնոգորիան պետք է ազատվի երկիրը թալանող և Դուբայում և Սեն-Տրոպեում հանգիստը վայելող ղեկավարներից, և դա հնարավոր է միայն միասնության շնորհիվ:
Ելույթներից հետո ցուցարարները խաղաղ երթով անցել են Պոդգորիցայի կենտրոնական փողոցներով:










